Monday 4 May 2015

Եվրիպիդես


       Եվրիպիդեսը  Հին  Հունաստանի  երրորդ մեծ դրամատուրգն է:  Ծնվել  է մ.թ.ա. 480թ. Սալամիս կղզում, ավանդության համաձայն՝ հենց այն օրը, երբ աթենացիները Սալամիսում ջախջախում են պարսկական նավատորմը (հոկտեմբերի 5): Եվրիպիդեսի  ծնողները, աթենացիների մեծամասնության  նման, Քսերքսոսի զորքերի հարձակումից հետո ապաստան են գտնում Սալամիսում: Աբյուրներից մեկի համաձայն, պոետի ծնողներն ապրել են աղքատության մեջ, մինչդեռ  աթենական հնությունների հավաքագրմամբ զբաղվող հանրահայտ Ֆիլիոքոսը Եվրիպիդեսի մասին պատմող ակնարկում նշում է, որ Եվրիպիդեսի մայրը հարուստ ընտանիքից էր սերում:
     Եվրիպիդեսի հայրը որդու մեջ դեռ մանկուց  հետաքրքրություն է սերմանում մարմնամարզության  ու թեթև ատլետիկայի նկատմամբ, քանի որ ավանդության համաձայն, գուշակը նրան հուշել էր, որ իր որդին հաղթանակներ է տանելու անչափ կարևոր մրցումներում:  Պատանեկության տարիներին Եվրիպիդեսը զբաղվում էր նաև գեղանկարչությամբ: Ավելի հասուն տարիքում  նա զբաղվում էր փիլիսոփայությամբ ու հռետորիկայով: Եղել է Անակսագոր Կլազոմենացու աշակերտներից, որը Պերկլիոսի ժամանակաշրջանում առաջինն է, որ սկսում է Աթենքում  փիլիսոփայություն դասավանդել: Եվրիպիդեսի ողբերգություններում  երևում է  մեծն  փիլիսոփայի ազդեցությունը: Եվրիպիդեսի կենսագրականներում Սոկրատեսը ևս հիշատակվում է որպես նրա ուսուցիչ, սակայն դա ժամանակագրական վրիպակ է, քանի որ Սոկրատեսը, որը տասնմեկ տարով մեծ էր Եվրիպիդեսից, եղել է վերջինիս ընկերը. նրանք ունեին միևնույն հայացքներն ու ձգտումները: Սոկրատեսը հազվադեպ էր լինում թատրոնում, սակայն գնում էր այնտեղ ամեն անգամ, երբ  բեմադրվում էին Եվրիպիդեսի նոր դրամաները:
    Ի՞նչն ստիպեց Եվրիպիդեսին թողնել փիլիսոփայությունը եւ նվիրվել պոեզիային: Ենթադրվում է, որ  պոեզիայով զբաղվելը նրա համար եղել է ոչ թե ներքին պահանջ, այլ նպատակադրված ընտրություն՝ ուղղված փիլիսոփայական գաղափարները վերածելու պոեզիայի:
    Առաջին  դրաման  նա  գրում է  25 տարեկանում՝ մ.թ.ա. 456թ., որի համար ստանում է  երրորդ մրցանակը: Եվրիպիդեսի դրամաների հստակ քանակը հայտնի չի եղել նաև հնում: Կենսագիրների մեծամասնությունը վերագրում է Եվրիպիդեսին 92 պիես: Իր առաջին հաղթանակը նա տանում է մ.թ.ա. 444թ., երկրորդը՝ մ.թ.ա. 428-ին: Կենդանության օրոք Եվրիպիդեսը չորս անգամ է գրավել առաջին տեղը, իսկ հինգերորդը եղել է հետմահու, երբ նրա պիեսներից մեկը բեմադրում է Եվրիպիդես անունով  նրա որդին (կամ զարմիկը):
     Հաղթանակների նման քիչ քանակությունը ցույց է տալիս, որ Եվրիպիդեսի ստեղծագործությունները նրա համաքաղաքացիների լայն ուշադրությանը չեն արժանացել: Բացի այդ, ստեղծագործելով Սոֆոկլեսի հետ նույն շրջանում, որը լինելով աթենացիների սիրելի պոետը, մինչև կյանքի վերջ թագավորում էր բեմում, Եվրիպիդեսի համար դժվար էր հասնել փառքի: Պատճառներից մեկն էլ կայանում էր Եվրիպիդեսի ստեղծագործական առանձնահատկությունների մեջ, որը, հեռանալով հին հելլենական կյանքից, ջանում էր ծանոթացնել մարդկանց փիլիսոփայական աշխարհայացքի հետ, որը, սակայն, խորթ էր, հին բարքերի  հիման  վրա  դաստիարակված  հասարակությանը: Չնայած այդ ամենին, Եվրիպիդեսը չէր շեղվում իր ընտրած ուղղուց՝ երբեմն անգամ հակասության մեջ մտնելով հանրության հետ:
     Թեև Եվրիպիդեսի կյանքն ընթանում էր Հունաստանի մշակութային և տնտեսական ծաղկման շրջանում, նրա ստեղծագործություններում ավելի շատ հոռետեսական տրամադրությունն է տիրում: Պատճառը Աթենքի ու Սպարտայի միջև պատերազմները, մեծ տարածում գտած սոփեստությունն ու ընդհանրապես, Եվրիպիդեսի մտածողությունն ու հոգեբանությունն էր: Ի տարբերություն Էսքիլեսի ու Սոֆոկլեսի՝ Եվրիպիդեսը քաղաքական գործունեությամբ չի զբաղվել:
     Եվրիպիդեսի ողբերգություններից մեզ հասել են 17-ը, այդ թվում՝ «Մեդեա», «Հիպպոլիտը պսակազարդ», «Իֆիգենիան Ավլիսում», «Բաքոսուհիներ», «Հեղինե» և այլն: Եվրիպիդեսը նոր էջ բացեց հունական ողբերգության մեջ: Նրանով իր ավարտն ու քայքայումն է գտնում հունական դիցաբանությունը: Եվրիպիդեսը նույնիսկ այն միտքն է արտահայտել, թե աստվածները մարդկանց զառանցանքի արդյունք են: Նրա ստեղծագործություններում աստվածների մասնակցությունը հասցված է նվազագույնի: Նրանք կամ գոյություն չունեն կամ բացասական գծերով են պատկերված: Այս փաստը հակասական վերաբերմունք առաջացրեց նրա նկատմամբ: Եվրիպիդեսը օժտված է լարված կոնֆլիկտներ պատկերելու ու ընթերցողին ներքաշելու, գրավելու տաղանդով:


No comments:

Post a Comment